Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին` նա ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնասել եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին։
Նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին և Ալան Միլին: Նա նշել է, թե ծանոթ է նախորդ այցի ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցի բովանդակությանը և ողջունելի է համարել, որ արձանագրվել է ՀՀ հանձնառությունը՝ շարունակական բարեփոխումներ իրականացնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում: Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի այդ ոլորտներում, և իշխանությունները հետամուտ են բարեփոխումները խորացնելու։ ԵԽԽՎ համազեկուցողները նշել են, որ այցի շրջանակներում Հայաստանում հասցրել են հանդիպումներ ունենալ տարբեր քաղաքական գործիչների, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել պետական տարբեր մարմիններում ժողովրդավարության չափանիշներին համահունչ իրականացվող աշխատանքների ընթացքը և բավարարված են այն աշխատանքներով, որ արվում է Հայաստանում և Հայաստանի համար:
Հանդիպումներում քննարկված հարցերից մեկը եղել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցը: Համազեկուցողներն ընդգծել են, որ չափազանց կարևոր է բարեփոխումների գործընթացի թափանցիկությունը, կարևոր է նաև երկրում ԶԼՄ-ների ազատությունը: Համազեկուցողները նշել են, որ իրենց կողմից պատրաստվող զեկույցի նպատակը Հայաստանին օգտակար լինելն է, և միջանկյալ զեկույցի պատրաստման այս փուլում, նրանց խոսքով, չկան լուրջ մտահոգություններ: Հանդիպմանը ՀՀ նախագահը և ԵԽԽՎ համազեկուցողներն անդրադարձել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: